9-րդ դասարանների ավանդական ճամփորդությունը դեպի Եվրոպա
Արեգնազանցիների համար 9-րդ դասարանի ավարտը միայն քննական շրջան չէ, այլև թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար մի շարք նշանակալի իրադարձությունների շրջան։ Իրենց դասարանները 9 տարիների ընթացքում ուղեկցած ուսուցիչները հրաժեշտ են տալիս աշակերտներին, ճանապարհում նրանց ավագ դպրոց։ Եվ դասվարի ու աշակերտների անցած իննամյա ուղին ավարտվում է դեպի Եվրոպա ճամփորդությամբ։ Ճամփորդությունն այդ տևում է մի քանի շաբաթ, անցնում եվրոպական՝ հիմնականում գերմանախոս քաղաքներով, հարստանում փորձերի փոխանակմամբ, համեմվում եվրոպական դպրոցներում և այլուր մեր աշակերտների համերգներով, կրկեսային համարներով, ներկայացումներով, ազգային երգ ու պարերով, էվռիթմիայով։ Այս տարի 9-րդ դասարաններից մեկի ուղին անցավ Մյունխենով, Վիեննայով, Բուդապեշտով, Դրեզդենով ու Պրահայով։ Մյուս դասարանն այցելեց Բեռլին, Պֆորցհայմ, Շտուտգարտ, Ֆրայբուրգ, Բադ Վիլդբադ, Կոլմար և Բարսելոնա քաղաքներ։ Միասին հրաշալի ժամանակ անցկացնելուց ու ճանապարհներ անցնելուց զատ՝ դասարաններն այցելում էին թանգարաններ, ծանոթանում համաշխարհային արվեստի գլուխգործոցներին, գիտական հայտնագործությունների առաջին նմուշներին ու նախատիպերին։ Այսքանով դեռահասները հրաժեշտ են տալիս իրենց դասվարին ու միջին դպրոցին ու մուտք են գործում ավագ դպրոց, որտեղ նրանք պիտի կանգնեն ինքնուրույն մտածողության նվաճման, ինքնաճանաչման և աշխարհճանաչման ուղու վրա, ձեռքբերեն ներքին կայունություն՝ կյանքային գործընթացների գիտակից մասնակիցը լինելու, ձեռքբերած ունակությունները շրջապատին լավագույնս ի սպաս դնելու համար։