Ուրախությամբ հայտնում ենք, որ Քասախում նախաձեռնել ենք Արեգնազանի երկրորդ մասնաշենքի կառուցումը, որը մեզ հնարավորություն կտա մարդակենտրոն և որակյալ կրթության տրամադրել դրա պահանջն ունեցող թվով ավելի շատ աշակերտների։

Ինչո՞ւ ենք կառուցում դպրոցի նոր շենքը

Տարեցտարի Արեգնազան դիմողների քանակն աճում է, բազմապատկվում։ Ավելի ու ավելի շատ ծնողներ ցանկանում են իրենց երեխաների կրթությունը վստահել մեզ: Անհրաժեշտ տարածքի բացակայության պայմաններում, այնուամենայնիվ, ընդունում ենք մեծ թվով երեխաների, որոնցից շատերը մեր ներկայիս աշակերտների քույրերն ու եղբայրներն են, ինչպես նաև՝ շրջանավարտների երեխաները։ 

Այս պայմաններում մեր դպրոցը դարձել է շատ սեղմված ու նեղ վայր, որի 1981 մ2 տարածքում սովորում է արդեն մոտ 700 աշակերտ: Որպես խնդրի լուծում, դպրոցը ստիպված տարածք է վարձակալում հարակից շենքերում։ 

Ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ մեկ երեխային հատկացվող մակերեսը 3,5 մ2 է (ներառյալ դասերի, հանգստի, սպորտի, կոմունալ և այլ տարածքները)։

Միասին կառուցենք
մեր դպրոցի նոր շենքը

Դպրոցի նոր շենքի մասին

2017-ին դպրոցի բարեկամները՝ շրջանավարտներ և ծնողներ, մեզ նվիրեցին 2.6 հեկտար հողակտոր Երևանի մերձակայքում գտնվող Քասախ բնակավայրում, որտեղ և նախատեսում ենք հիմնել ու կառուցել մեր դպրոցի երկրորդ շենքը։ Այդ ժամանակից ի վեր՝ Արեգնազանի անձնակազմի, ծնողների, շրջանավարտների, ընկերների կամավոր աշխատանքի, ինչպես նաև իրեղեն և դրամական նվերների շնորհիվ, հողակտորն ապահովվել է ոռոգման համակարգով և ցանկապատվել է։ Այնտեղ տնկվել են ծառեր, հիմնվել է փոքրիկ այգի, ու կառուցվել այգետնակ։

Նոր շենքը կառուցվելու է 2.6 հեկտար տարածքի վրա։ Շենքի մակերեսը կազմելու է 2395 քառ. մետր։

Քասախի դպրոցն ունենալու է բանջարանոց, այգի և պուրակ, արհեստների և արվեստների համար հատկացված առանձին տարածքներ և այլն:

Քասախի դպրոցը ծառայելու է որպես Արեգնազանի երկրորդ մասնաշենք, իսկ Երևանի Սարյան 23 հասցեում տեղակայված դպրոցը գործելու է որպես հիմնական մասնաշենք։

Սկզբնական շրջանում Քասախի դպրոցը գործելու է մեկ հոսքով՝ 1-12-րդ դասարանների համար։

Դպրոցի նորաոճ, ժամանակակից ստանդարդներին համապատասխանող և ավելի ընդարձակ մասնաշենքը, որը կառուցում ենք Երևանի մերձակայքում` Քասախ համայնքում։

Դպրոցի նոր մասնաշենքը կլինի հարմարավետ, լուսավոր ու ընդարձակ։ Այնտեղ յուրաքանչյուր դասարան կունենա բավարար չափով տարածք` դպրոցական օրը արդյունավետ կազմակերպելու համար։

Դպրոցի նոր շենքն ամբողջությամբ հանդիսանալու է էկո նախագիծ` կանաչապատ տանիքով, արևային մարտկոցներով և ժամանակակից ոռոգման համակարգով։

Մեր աշակերտների, ծնողների և ուսուցչական կազմի ջանքերով արդեն իսկ տնկվել են հարյուրավոր ծառեր, հողակտորը ցանկապատվել է։

Միասին կառուցենք դպրոցի նոր շենքը

Ներկայումս շարունակում ենք դպրոցի նոր շենքի կառուցման ու տարածքի բարեկարգման համար դրամահավաքի աշխատանքները: Դպրոցի նոր մասնաշենքը հնարավորություն կտա ավելի շատ երեխաների ստանալ որակյալ կրթություն, կատարել ստեղծագործ աշխատանք։ 

Մենք հավատում ենք այս գաղափարին և քայլ առ քայլ մոտենում նրա իրականացմանը։ Դրան մասնակից կարող եք լինել նաև դուք` ներդնելով ձեր փոքրիկ լուման վաղվա խոստումնալից օրվա համար։

Նվիրաբերեք նոր դպրոցի շենքին