Արեգնազանի վալդորֆյան ընտանիքը

Արեգնազան համայնքը վալդորֆյան մի մեծ ընտանիք է, որը ձևավորվել է դպրոցի տասնյակ տարիների գործունեության ընթացքում։ Այստեղ են միավորվում դպրոցի անձնակազմի, աշակերտների, ծնողների, շրջանավարտների և բարեկամների ջանքերը` ուղղված երեխաների ներդաշնակ զարգացմանը, դպրոցի բարգավաճմանն ու լավագույն ավանդույթների ստեղծմանն ու պահպանմանը։ Վալդորֆյան համայնքը դպրոցն ու հասարակությունն իրար կապող ամուր օղակ է, որի գործունեության ընդհանուր պատկերն ենք ներկայացնում այստեղ։

Արեգնազան համայնքի գործունեության շրջանակը

Դպրոցական տարին մեզ մոտ հագեցած է միջոցառումներով ու տոնակատարություններով, որոնք խթան են հանդիսանում ուսումնական պրոցեսն առավել դինամիկ դարձնելու, հագեցնում են մեր առօրյան ստեղծարար գաղափարներով, ինչպես նաև լավ առիթ են հանդիսանում դպրոցականների, ծնողների ու դպրոցի ընկերների՝ միմյանց հետ հաղորդակցվելու համար:

Ծնողների մասնակցությունը

Արեգնազանի ծնողները մեծապես ներգրավված են դպրոցական կյանքի բազմազան ոլորտներում։ 

Մեր ծնողների կամավոր մասնակցությունը և աջակցությունը տարատեսակ միջոցառումներին նպաստում է ծնող-աշակերտ-դպրոց կապի կենսունակությանն ու երեխայի համակողմանի զարգացմանը։ 

Ծնողների մասնակցությունը բաց դասերին, թատերական ներկայացումներին, տոնավաճառներին, սեմինարներին և նմանատիպ այլ նախաձեռնություններին ավելի լիարժեք է դարձնում դպրոցի կյանքը։

Արեգնազանի շրջանավարտները

Համակողմանի կրթությանը զուգընթաց Արեգնազան դպրոցը նաև ջանում է նպաստել իր աշակերտների՝ հասարակության լիիրավ անդամներ դառնալուն։ 

Մեզ համար վալդորֆյան մանկավարժության հաջողությունը գնահատելու չափանիշը մեր շրջանավարտների մարդկային բարձր որակների դրսևորումն ու ստեղծարար մոտեցումներով իրենց ընտրած ճանապարհի կերտումն է։ 

Բժիշկ թե վարսահարդար, գիտնական թե խոհարար, վալդորֆյան շրջանավարտները հասարակությանն ի նպաստ են ծառայեցնում անկախ մտածողներ և ստեղծագործողներ լինելու իրենց ունակությունները։

Մեր բարեկամներն ու գործընկերները

Արեգնազան կրթահամալիրը շահույթ չհետապնդող անկախ դպրոց է և չի օգտվում պետական աջակցության որևէ ծրագրից, չի ֆինանսավորվում պետության կողմից։ 

Դպրոցն իր կենսագործունեությունն ապահովում է ծնողների կողմից վճարվող ուսման վարձերի, ինչպես նաև` գործընկերների և բարեկամների նվիրատվությունների շնորհիվ։ 

Մեր ծնողների, շրջանավարտների, բարեկամների և գործընկերների նվիրաբերած միջոցներով բարեկարգվում է դպրոցի շենքը, նոր գույք է ձեռք բերվում, ֆինանսավորվում են մանկավարժական բազմաթիվ նախագծեր, կազմակերպվում են ուսուցիչների վերապատրաստումներ Հայաստանում և արտերկրում։

Նվիրատու կազմակերպություններ

Ռուդոլֆ Շտայների մանկավարժական արվեստի բարեկամներ

«Ռուդոլֆ Շտայների մանկավարժական արվեստի բարեկամներ» ՀԿ-ն վալդորֆյան դպրոցներին աջակցող ֆոնդ է, որը նաև հովանավորում է դպրոցների կառուցման նախագծեր։

Վալդորֆյան մանկավարժության միջազգային ասոցիացիա

Ասոցիացիան ներկայացնում է վալդորֆյան մանկավարժությունը և ապահովում վալդորֆյան շարժման գործունեությունը՝ նպատակ ունենալով կյանքի կոչել կրթություն հանուն ազատության գաղափարը։ Ասոցիացիան նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վալդորֆյան դպրոցների և կից նախագծերի իրականացման գործում։

IHF բարեգործական հիմնադրամ

Հիմնադրամի գործունեությունը նպաստում է վալդորֆյան մանկավարժության նորարարական բնույթի տարբեր նախաձեռնությունների կայացմանը։ Հիմնադրամի նպատակն է խթանել ու տարածել վալդորֆյան մանկավարժության սկզբունքները։ Հիմնադրամը օժանդակում է վալդորֆյան դպրոցների գործունեությանը նպաստող ծրագրերին, ինչպես նաև ֆինանսավորում է դպրոցների շենքների կառուցումն ու վերանորոգումը։

IONA բարեգործական հիմնադրամ

Հիմնադրամը միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է օժանդակել մշակութային ու զարգացման այնպիսի նախաձեռնությունների, որոնք նպաստում են մարդու հոգևոր, մշակութային ու սոցիալական զարգացմանը։ Հիմնադրամի նպատակներից մեկն է սատարել վալդորֆյան մանկավարժությունը՝ որպես մշակութային երևույթի։

iona-logo

Շտայների վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհուրդ

Շտայների վալդորֆյան կրթության եվրոպական խորհուրդը միջազգային հասարակական կազմակերպություն է՝ բաղկացած վալդորֆյան դպրոցների 27 ազգային ասոցիացիաներից։ Կազմակերպության առաքելությունն է աջակցել վալդորֆյան մանկավարժությանն ու Եվրոպայում խթանել ազատությունը կրթության մեջ։

Mahle-Stiftung բարեգործական հիմնադրամ

Հիմնադրամի առաքելությունը հիմքում է ընկած մարդկանց, շրջակա միջավայրի ու բնության նկատմամբ պատասխանատվության զգացումը։ Հիմնադրամն աջակցում է առողջապահությանն ու առողջ սննդին, ինչպես նաև կրթության ոլորտի տարբեր սոցիալական ծրագրերին, որոնց թվում են նաև վալդորֆյան դպրոցներն ու հարակից նախաձեռնությունները։

Ազատ միջազգային մանկավարժական նախաձեռնություն ՀԿ

«Արեգնազան» կրթահամալիրը հիմնադրվել է «Ազատ միջազգային մանկավարժական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից, որը և հանդիսանում է կրթահամալիրի սեփականատերը։ «Ազատ միջազգային մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2004թ. Մի խումբ վալդորֆյան մանկավարժների և ծնողների կողմից։ Կազմակերպության գործունեության նպատակը Հայաստանում մանկավարժական նախաձեռնությունների աջակցությունն է։

Free International Pedagogical Initiative Organization

Aregnazan school was founded by the Free International Pedagogical Initiative non-governmental organization, which also is the owner of the school. The organization was founded in 2004 by a group of Armenian Waldorf teachers and parents. 

The goal of the organization is to support Waldorf schools and other educational initiatives in Armenia.