Արեգնազան կրթահամալիրի պատմությունը

Արեգնազան կրթահամալիրը Հայաստանի առաջին և միակ վալդորֆյան դպրոցն է, որը 1994 թ.-ից ձգտում է գործնականում իրականացնել իր մանկավարժական իդեալը՝ որպես վալդորֆյան այլընտրանքային ուսուցման մեթոդով ինքնուրույն, ոչ պետական դպրոց։ 1994 թ. Վալդորֆյան մանկավարժությունը ներդրվեց որպես փորձնական դասարան Երևանի հանրակրթական դպրոցներից մեկի կազմում: 2004 թ.-ին փորձաշրջանը հաջողությամբ ավարտվեց, և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը որոշեց, որ վալդորֆյան մանկավարժության հիմքով դպրոցը պետք է գործի ոչ պետական հատվածում։ Այսպիսով, հիմնադրվեց «Ազատ միջազգային մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ-ն, որն էլ հանդիսանում է Արեգնազան կրթահամալիրի 100% բաժնետերը։ 2005 թ.-ի դեկտեմբերի 1-ին, արդեն իսկ գործող վալդորֆյան փորձնական դասարանների հիմքի վրա ձևավորվեց Արեգնազան կրթահամալիրը, իսկ 2007 թ.-ի նոյեմբերի 23-ի ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա 30 տարի ժամկետով վարձակալության իրավունքով, կրթահամալիրը պետության կողմից ստացավ Սարյան 23 հասցեում գործող դպրոցի մասնաշենքը: 

Նոր կարգավիճակն Արեգնազան կրթահամալիրին ընձեռեց ուսումնառությունը վճարովի հիմունքներով կազմակերպելու հնարավորություն՝ միաժամանակ, սակայն, զրկելով պետական աջակցության բոլոր ծրագրերից: Նոր մարտահրավերները չընկճեցին ուսուցչական ու ադմինիստրատիվ կազմին և ծնողական համայնքին: Նվիրված աշխատակազմի, Արեգնազանի բարեկամների, ծնողական համայնքի և շրջանավարտների ջանքերի և նվիրվածության շնորհիվ տարիների ընթացքում Արեգնազանն իր դռները բացեց ավելի մեծ թվով աշակերտների դիմաց: Արեգնազան կրթահամալիրը իրավազոր մասնավոր ուսումնական հաստատություն է, որն իրականացնում է ուսումնառության ամբողջ ընթացքը՝ առաջինից մինչև տասներկուերորդ դասարան։ Կրթահամալիրի 20 դասարաններում սովորում է շուրջ 650 աշակերտ. Դպրոցում դասավանդում է 60-ից ավելի մանկավարժ: Նաև գործում են երկարօրյայի և արտադասարանային բազմաթիվ խմբակներ: Տարիների ընթացքում Արեգնազանի աշակերտների թիվը բազմապատկվել է: Հավելյալ սենյակներ են վարձակալվել հարակից շենքերից՝ բավարարելու տարածքային սուր պահանջները: Ուսուցչանոցը, ադմինիստրատիվ որոշ սենյակներ նույնպես վերափոխվել են դասասենյակների: 

Ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու և ավելի մեծ թվով աշակերտներ ընդունելու նպատակով մենք Քասախ համայնքում նախաձեռնել ենք դպրոցի նոր՝ ավելի հարմարավետ շենքի կառուցումը, որի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:

Վալդորֆյան մանկավարժությունը Արեգնազան կրթահամալիրում

Արեգնազան կրթահամալիրն ապահովում է տասներկուամյա կրթության շարունակական ընթացքը՝ համապատասխանաբար տարրական, միջին և ավագ դպրոցներով։ Վալդորֆյան այլ դպրոցների նման, Արեգնազանի կրթական ծրագիրը ևս մշակվում է այնպես, որ հնարավոր դառնա մարդու եռանդամ էության համաչափ զարգացումը։ Այսպիսով, աշակերտի մոտ զարգանում են մտածողությունը (ակադեմիական ու մտավոր աշխատանքի շնորհիվ), զգացմունքները (արվեստի, գեղարվեստի ու զգացմունքներին վերաբերող աշխատանքի շնորհիվ) և կամքը (պրակտիկ աշխատանքի շնորհիվ)։

«Երևակայության պետքը, ճշմարտության հակումն ու պատասխանատվության զգացումը. ահա՛ այն երեք ուժերը, որոնք գլխավոր ջիղն են կրթության»։

Ռուդոլֆ Շտայներ, մտածող, վալդորֆյան մանկավարժության հիմնադիր

Տարրական դպրոց

Արեգնազանի տարրական դպրոցում իրականացվող ուսումնառության գործընթացը համեմվում է գեղեցիկով և սիրով։ Այս շրջանում՝ հատկապես առաջին և երկրորդ դասարաններում, երեխաներն անվերապահորեն ընդօրինակում են իրենց կողմից մեծ հեղինակություն վայելող դասվարին։ Նրանց աշխարհընկալման գլխավոր դերակատարը իրենց երևակայությունն է։ Տարրական դպրոցում երեխաները դեռ սերտ կապի մեջ են իրենց շրջապատող աշխարհի հետ։ Հենց այստեղ են նրանք սկսում ճանաչել, ապա կատարելագործվել գրի ու ընթերցանության, թվաբանության մեջ։ Դասերը համալրվում են արհեստներով և արվեստներով։ Երեխաները տարրական դպրոցն ավարտում են՝ աշխատանքի աշխարհ տանող ճանապարհին անելով իրենց առաջին հաստատուն քայլերը. ցորեն են ցանում ու հնձում, երկաթ են կռում ու պատ են կառուցում։

Միջին դպրոց

Միջին դպրոցում աշակերտները սկսում են ուսումնասիրել բնագիտական առարկաներ։ Լեզուների ուսուցումը, մաթեմատիկան ավելի են խորացվում։ Տարիքային այս խմբի մոտ սկսում է ձևավորվել և ամրանալ ժամանակային աշխարհընկալումը, ինչից ելնելով էլ ուսումնական գործընթացում սկսվում է երևույթների միջև պատճառահետևանքային կապերի բացահայտումը և ուսումնասիրությունը։ Միջին դպրոցի ավարտին մոտ աշակերտների մոտ արթնանում են տրամաբանական ու դատողական հմտություններ, ինչը նրանց հնարավորություն է տալիս մտնել ինքնուրույն գործունեության ոլորտ՝ որպես հիմք ունենալով նախորդ տարիների ընթացքում իրենց համար հեղինակություն հանդիսացող ուսուցչից յուրացված սնունդը։ Եվ այստեղ ավարտվում է դասվարի իննամյա աշխատանքը դասարանի հետ։

Ավագ դպրոց

Ավագ դպրոցում ձևավորվում և զարգանում է աշակերտի աշխարհայացքը։ Լինելով դեռահասներ՝ աշակերտներն արդեն ձգտում են ճանաչել ո՛չ միայն շրջապատող աշխարհը, այլև՝ իրենք իրենց, ավելի լավ հասկանալ այդ աշխարհում իրենց ունեցած տեղն ու դերակատարությունը։ Զարգանում են դատողական ունակությունները, ինչին նպաստում է տարբեր առարկաների, երևույթների ու նյութերի ավելի խորացված ուսումնասիրությունը։ Եթե նախորդ տարիների ընթացքում հիմնական առարկաների դասավանդումն իրականացնում էր երեխաների համար հեղինակություն հանդիսացող դասվարը, ապա այժմ յուրաքանչյուր առարկայի գծով դասարան են մտնում առարկայագետ-մասնագետներ, որոնք աշակերտին ուղղորդում են դեպի նեղ մասնագիտական միջավայրեր։ Նախորդ տարիների ընթացքում դիտարկված նյութերը կրկին դառնում են ուսումնասիրության առարկա, բայց արդեն ավելի խորացված ձևով՝ միտված երևույթների բացահայտմանն ու ընկալմանը։ Ուսումնական գործընթացի կարևորագույն տարրերից են հանդիսանում անհատական աշխատանքների ու նախագծերի իրականացումը, ուսումնական պրակտիկաները, ճամփորդությունները։