Ծննդոց տոներն Արեգնազանում
Սուրբ Ծնունդն Արեգնազանցիների սիրելի տոներից է։ Տարվա ամենակախարդական ու սրտեր ջերմացնող ժամանակն է սա, երբ ձմեռվա ցուրտ օրերի ու երկար գիշերների կիզակետում գտնվող այս տոնը միավորում է մարդկանց՝ կիսելու սրտերի ջերմությունը, վառելու ներքին լույսը։ Կիսամյակն ավարտելուց ու արձակուրդ գնալուց առաջ Արեգնազանցիները հավաքվեցին Համազգային թատրոնում՝ դպրոցական համերգով միմյանց շնորհավորելու։ Ավանդույթի համաձայն՝ համերգային ծրագիրը հագեցած էր 3-րդից 12-րդ դասարանցիների բազմազան ելույթներով՝ երաժշտական, պարային, բանաստեղծական, էվռիթմիկ համարներով։ Դրան հաջորդեցին ներդասարանական թեյախմությունները, Ծննդյան տոների պատմությունները, երգերը, նվերները։ Տարվա այս շրջանը իրապես ջերմ է ու գեղեցիկ՝ Ծննդյան տոների խորհրդավոր շնչով օրհնված։