11-րդ դասարանի նախագծերը կարևոր բաղադրիչն են «Արեգնազան»-ի ավագ դպրոցի։ Յուրաքանչյուր աշակերտ, ընտրելով իրեն իրապես հետաքրքրող որևէ թեմա, սկսում է դրա շրջանակներում իրականացնել իր անհատական նախագիծը՝ սովորելով համապատասխան հարցադրումներ անել, հետազոտություններ իրականացնել, մասնագետների հետ հաղորդակցվել, խոչընդոտներ հաղթահարել, որպեսզի կյանքի կոչի իր գաղափարը։ Նախագծերի իրականացումը պարզապես առաջադրանք չէ, այն նախաձեռնողականության, հետևողականության ու պատասխանատվության վարժանք է, հասուն կյանքին գործնականորեն մոտենալու ուղի։
Մայիսի 25-29 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Խուլերի Սոցիալական Մշակույթի և Սպորտի Պալատի բեմից 11-րդցոներն արդեն կրտսեր ու ավագ ընկերների, ծնողների և ուսուցիչների «դատին հանձնեցին» իրենց մեկ տարէա աշխատանքի արդյունքը՝ ֆիլմեր, ազգային տարազներ, նկարներ, երաժշտական ստեղծագործություններ ու ճարտարապետական նախագծեր։
Այդ օրերն իսկապես հագեցած էին էմոցիաներով, հիացմունքի և հուզմունքի դրսևորումներով, ծափերով, քաջալերող ու բարի խոսքերով։


