Ի՞նչ է փոխվում, երբ երկու շաբաթով քո տանը հյուրընկալվում է մեկ այլ երկրից եկած հասակակիցդ, իսկ դպրոցում կողքիդ նստում է մեկը, ում առօրյան մինչ այդ բոլորովին այլ է եղել։
Ամեն տարի 11-րդ դասարանցիները փոխադարձ այցելություններով հնարավորություն են ստանում ճանաչելու միմյանց առօրյան՝ ոչ թե հեռվից դիտելով, այլ անմիջապես մասնակցելով դրան։ Այս տարի առաջինը Երևան ժամանեցին մեր գերմանացի ընկերները։ Երկու շաբաթ նրանք ապրեցին հայ ընտանիքներում, մասնակցեցին դասերին, մեր աշակերտների հետ բացահայտեցին Երևանն ու Հայաստանի որոշ տեսարժան վայրեր։ Նման փորձառության ամենահետաքրքիր մասը հաճախ այն է, ինչ ծրագրերում գրված չէ՝ ընտանեկան սեղանի շուրջ ծավալված զրույցները, ընկերական կատակները, երբեմն էլ լեզվական փոքրիկ թյուրըմբռնումները։ Հենց այդ սովորական պահերին են մարդիկ սկսում իսկապես ճանաչել միմյանց։
Ինչո՞ւ է այս փորձառությունը մեզ համար այդքան կարևոր։
Դեռահասությունն այն ժամանակն է, երբ երիտասարդն ավելի ու ավելի համարձակորեն է նայում իրեն ծանոթ աշխարհի սահմաններից այն կողմ։ Նա սկսում է հարցականի տակ դնել սովորական դարձած պատկերացումները, համեմատել, սեփական կարծիք ձևավորել։ Իսկ ուրիշ մշակույթի հետ հանդիպումը դրա համար հրաշալի հնարավորություն է։ Պարզվում է՝ այն, ինչ քեզ համար բնական ու ինքնին հասկանալի է, ուրիշի համար կարող է բոլորովին այլ լինել։ Եվ հակառակը։ Պետք է կարողանալ հարցնել, լսել, երբեմն չհամաձայնել, բայց շարունակել հետաքրքրվել դիմացինով։
Վալդորֆյան կրթության մեջ մեզ համար կարևոր է, որ պատանին աշխարհ մտնի ոչ միայն դասագրքային գիտելիքներով, այլև այն ճանաչելու ցանկությամբ, մարդկանց հանդեպ հետաքրքրությամբ ու սեփական դատողության ուժով։ Միջմշակութային այս հանդիպումները հենց այդպիսի փորձառություններ են ստեղծում։ Դրանք օգնում են երիտասարդին ավելի ազատ զգալ անծանոթ միջավայրում, ավելի լավ հասկանալ ուրիշներին և, հաճախ անսպասելիորեն, նոր հայացքով տեսնել նաև սեփական երկիրն ու մշակույթը։
Երևանյան երկու շաբաթներն արդեն անցյալում են, բայց պատմությունը դեռ ավարտված չէ։ Գարնանը մեր 11-րդ դասարանցիներն են մեկնելու Բեռլին։ Այս անգամ նրանք են լինելու հյուրերը՝ ծանոթ միջավայրից դուրս, նոր առօրյայի մեջ։
Իսկ Երևանում սկսված ընկերություններն արդեն լավ սկիզբ են այդ ճանապարհի համար։



