Ուրախությամբ հայտնում ենք, որ Քասախում «Արեգնազան» կրթահամալիրի նոր մասնաշենքի կառուցման համար ներկայացված ճարտարապետական հինգ նախագծերի առաջարկներից դպրոցը կատարել է իր ընտրությունը։ Մրցույթի հաղթող է ճանաչվել ճարտարապետ, դպրոցի շրջանավարտ և ծնող Գրիգոր Բաբաջանյանի կողմից ներկայացված նախագիծը։ Նախագծի համահեղինակն է ճարտարապետ Հասմիկ Բաբայանը։
Դեռևս 2025թ. աշնանը դպրոցի նոր մասնաշենքի համար հայտարարվել էր ճարտարապետական նախագծային առաջարկի մշակման փակ մրցույթ, որին մասնակցել են հինգ ճարտարապետներ։
Ընտրված նախագիծն ամբողջությամբ համապատասխանում է վերջին տարիներին Հայաստանում որդեգրված դպրոցաշինության պետական նոր չափորոշիչներին, առավելագույնս համապատասխանում է դպրոցի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքին։ Այն նաև ներառում է հետագա զարգացման առաջարկներ։
Առաջիկա ամիսների ընթացքում նախագիծը կներկայացվի պետական պարզ փորձաքննության, որից հետո արդեն կմեկնարկի շինթույլտվություն ստանալու գործընթացը։
Շնորհակալ ենք մրցույթի բոլոր մասնակիցներին, ովքեր ներկայացրել են հինգ հրաշալի նախագծեր։ Այս առիթով ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել «Արեգնազան» կրթահամալիրի բոլոր այն բարեկամներին, որոնց ֆինանսական նվիրատվությունների շնորհիվ մենք կարողանում ենք նախաձեռնել մեր դպրոցի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս քայլը։



