Զարգացող տեխնոլոգիաները օրեցօր ավելի մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում՝ փոխելով աշխատելու, սովորելու, ստեղծագործելու և աշխարհը ճանաչելու մեր եղանակները։ Բայց տեխնոլոգիական այս աննախադեպ առաջընթացը մեզ կանգնեցնում է մի էական հարցի առաջ՝ ինչպե՞ս օգտվել նոր հնարավորություններից՝ միաժամանակ պահպանելով մարդու ինքնուրույն մտածելու, դատելու և ստեղծագործելու կարողությունը։
Այս հարցերի շուրջ հոկտեմբերի 17-ին Շանթ TV-ի «Հեռանկար բանավեճ» հաղորդման շրջանակում զրուցել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի արհեստական բանականության և գլոբալ գործընկերության փոխնախագահ Անահիտ Պարզյանն ու «Արեգնազան» կրթահամալիրի համահիմնադիր, մանկավարժ և արվեստաբան Արա Աթայանը։
Քննարկումն անդրադարձել է AI զարգացմանն ուղեկցող հնարավորություններին ու ռիսկերին՝ սկսած համակարգերի անվտանգությունից և վերահսկելիությունից մինչև մարդու մտածողության ու կրթության վրա դրանց ազդեցությունը։ Սակայն կրթության տեսանկյունից առավել խորքային է մեկ այլ մտահոգություն՝ սեփական մտավոր ջանքից աստիճանաբար հրաժարվելու վտանգը։ Երբ սովորողը յուրաքանչյուր հարցի պատասխանը ստանում է անմիջապես՝ առանց ինքնուրույն որոնելու, փորձելու, սխալվելու, դժվարությունը հաղթահարելու և սեփական եզրահանգմանը հասնելու, վտանգվում է ոչ միայն գիտելիքի յուրացումը, այլև այն ներքին աշխատանքը, որի ընթացքում ձևավորվում են մտածողությունը, կամքը, երևակայությունն ու ստեղծագործական ինքնուրույնությունը. չէ՞ որ կրթության արժեքը միայն ճիշտ պատասխանը գտնելու մեջ չէ։ Այն ավելի շատ դեպի այդ պատասխանը տանող ճանապարհն է՝ հարցադրումը, կասկածը, որոնումը, սխալը, հայտնագործության ուրախությունը։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում տեխնոլոգիաներն իրապես ճանաչելու և ճիշտ կիրառելու խնդիրը, որի դեպքում միայն տեխնոլոգիան կարող է դառնալ մարդու կարողություններն ընդլայնող և ոչ թե նրան սեփական աշխատանքի հեղինակ լինելու հնարավորությունից զրկող գործիք։
Զրույցի առանցքային հարցերից էր նաև այն, թե ո՞ր տարիքում և ի՞նչ պայմաններում է նպատակահարմար երեխաներին ծանոթացնել AI գործիքներին։
Արա Աթայանն ընդգծել է երեխայի զարգացման բնական ընթացքը հարգելու անհրաժեշտությունը։ Նախ պետք է հնարավորություն տալ, որ երեխան սեփական փորձառությամբ, իրական աշխարհի հետ անմիջական շփմամբ, ստեղծագործական աշխատանքով և մտավոր ջանքով զարգացնի իր կարողությունները։
Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել այստեղ։



