Տարեցտարի Արեգնազան դիմողների քանակն աճում է, բազմապատկվում։ Ավելի ու ավելի շատ ծնողներ ցանկանում են իրենց երեխաների կրթությունը վստահել մեզ: Անհրաժեշտ տարածքի բացակայության պայմաններում, այնուամենայնիվ, ընդունում ենք մեծ թվով երեխաների, որոնցից շատերը մեր ներկայիս աշակերտների քույրերն ու եղբայրներն են, ինչպես նաև՝ շրջանավարտների երեխաները։
Այս պայմաններում մեր դպրոցը դարձել է շատ սեղմված ու նեղ վայր, որի 1981 մ2 տարածքում սովորում է արդեն մոտ 700 աշակերտ: Որպես խնդրի լուծում, դպրոցը ստիպված տարածք է վարձակալում հարակից շենքերում։
Ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ մեկ երեխային հատկացվող մակերեսը 3,5 մ2 է (ներառյալ դասերի, հանգստի, սպորտի, կոմունալ և այլ տարածքները)։
2017-ին դպրոցի բարեկամները՝ շրջանավարտներ և ծնողներ, մեզ նվիրեցին 2.6 հեկտար հողակտոր Երևանի մերձակայքում գտնվող Քասախ բնակավայրում, որտեղ և նախատեսում ենք հիմնել ու կառուցել մեր դպրոցի երկրորդ շենքը։ Այդ ժամանակից ի վեր՝ Արեգնազանի անձնակազմի, ծնողների, շրջանավարտների, ընկերների կամավոր աշխատանքի, ինչպես նաև իրեղեն և դրամական նվերների շնորհիվ, հողակտորն ապահովվել է ոռոգման համակարգով և ցանկապատվել է։ Այնտեղ տնկվել են ծառեր, հիմնվել է փոքրիկ այգի, ու կառուցվել այգետնակ։
Նոր շենքը կառուցվելու է 2.6 հեկտար տարածքի վրա։ Շենքի մակերեսը կազմելու է 2395 քառ. մետր։
Քասախի դպրոցն ունենալու է բանջարանոց, այգի և պուրակ, արհեստների և արվեստների համար հատկացված առանձին տարածքներ և այլն:
Քասախի դպրոցը ծառայելու է որպես Արեգնազանի երկրորդ մասնաշենք, իսկ Երևանի Սարյան 23 հասցեում տեղակայված դպրոցը գործելու է որպես հիմնական մասնաշենք։
Սկզբնական շրջանում Քասախի դպրոցը գործելու է մեկ հոսքով՝ 1-12-րդ դասարանների համար։
Ներկայումս շարունակում ենք դպրոցի նոր շենքի կառուցման ու տարածքի բարեկարգման համար դրամահավաքի աշխատանքները: Դպրոցի նոր մասնաշենքը հնարավորություն կտա ավելի շատ երեխաների ստանալ որակյալ կրթություն, կատարել ստեղծագործ աշխատանք։
Մենք հավատում ենք այս գաղափարին և քայլ առ քայլ մոտենում նրա իրականացմանը։ Դրան մասնակից կարող եք լինել նաև դուք` ներդնելով ձեր փոքրիկ լուման վաղվա խոստումնալից օրվա համար։