Վալդորֆյան մանկավարժությունը՝ մարդու հոգին մշակելու արվեստը

Վալդորֆյան մանկավարժության իդեալը առողջ անհատի ներդաշնակ կայացումն է՝ անհատի, ում մտավոր զարգացումը հավասարակշռորեն զուգակցվում է անհատական, բարոյագեղագիտական դաստիարակությամբ, կամային հատկությունների կոփմամբ:

Ազատ, բայց սոցիալապես պատասխանատու, ուժեղ, բայց ոչ անտարբեր, ստեղծագործ, սակայն ավանդույթները հարգող, ինքնուրույն ու անկրկնելի, եզակի անհատականություն` ահա այն իդեալը, որին ձգտում է վալդորֆյան մանկավարժությունը:

«Վալդորֆյան կրթությունը մանկավարժական համակարգ չէ սոսկ, այլ արվեստ, որն ուղղված է արթնացնել այն, ինչն ի սկզբանե առկա է մարդու մեջ»։

Ռուդոլֆ Շտայներ, մտածող, վալդորֆյան մանկավարժության հիմնադիր

Վալդորֆյան մանկավարժության պատմությունը

Վալդորֆյան մանկավարժությունն առաջացել է 20-րդ դարի սկզբին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում: Վալդորֆ-Աստորիա ծխախոտի գործարանի աշխատակիցները դժգոհ էին պետական դպրոցների կողմից իրենց երեխաներին մատուցվող միջնակարգ կրթությունից, համակարգի քարացածությունից, մանկավարժների նախաձեռնողության, ստեղծագործ մտածողության պակասից, ինչը բնավ չէր նպաստում երեխաների զարգացմանը, անհատականության կայացմանն ու գիտելիքների արդյունավետ ձեռքբերմանը: 

Կրթական և մանկավարժական այս խնդրի մասին տեղականում է գործարանի սեփականատեր Էմիլ Մոլտը՝ առաջադիմական հայացքների տեր մի անձնավորություն, ով իր ժամանակի սոցիալական փակուղիներից դուրս գալու ելքեր էր որոնում: 

Է. Մոլտը որոշում է ստեղծել նոր տիպի մանկավարժական մոդելի վրա հիմնված մի դպրոց, որը պետք է լիներ ավելի մարդակենտրոն, համապատասխաներ երեխաների տարիքային հետաքրքրություններին ու առանձնահատկություններին և արձագանքեր նրանց խորքային պահանջմունքներին: Մոտ լինելով անտրոպոսոֆական շրջանակներին` Է. Մոլտը նման կրթական ծրագիր ստեղծելու խնդրով դիմում է փիլիսոփայության դոկտոր, մանկավարժ, մտածող, անտրոպոսոֆական ուսմունքի հիմնադիր Ռուդոլֆ Շտայներին, ով իր հրապարակային ելույթներում ներկայացնում էր մանկավարժությանն առնչվող մի շարք նոր, առաջադիմական գաղափարներ: Ռ. Շտայները ձեռնամուխ է լինում առաջադրված խնդրի լուծմանը: Նա մշակում և 1919 թ.-ի սեպտեմբերին Շտուտգարտում ներկայացնում է վալդորֆյան մանկավարժությանը նվիրված դասախոսությունների առաջին շարքը: 

Է. Մոլտի տրամադրած միջոցներով սկսվում է վալդորֆյան առաջին դպրոցի շենքի շինարարությունը: Նորակառույց դպրոցն ուներ 8 դասարան, որտեղ սովորում էր 256 աշակերտ, որոնցից 191-ը ձեռնարկության աշխատակիցների ու բանվորների երեխաներն էին: Ավելի քան 100 տարվա ընթացքում վալդորֆյան դպրոցները զգալի զարգացում են ապրել. Ներկայիս աշխարհի տարբեր երկրներում և մշակույթներում գործում են շուրջ 1200 վալդորֆյան դպրոցներ, որոնք կազմում են ոչ հարանվանական անկախ դպրոցների ամենամեծ ցանցերից մեկը։

Երեխայի զարգացման փուլերը

Վալդորֆյան մանկավարժությունը Երեխայի զարգացման ընթացքը դիտարկում է փուլերով.

յոթնամյակ 

ծննդյան պահից

մինչև 7 տարեկան

Երեխայի աճի առաջին փուլը տևում է մոտավորապես 7 տարի և ավարտվում է երեխայի հոգեկան ու ֆիզիոլոգիական հասունացմամբ: Վալդորֆյան մանկավարժությունը երեխայի կյանքի այդ փուլի բնորոշ վարքագիծը համարում է ընդօրինակումը: Երեխան բառացիորեն կլանում է այն ամենը, ինչ տեղի է ունենում նրա շուրջ: 

Վաղ մանկական տարիքում երեխայի զարգացման մեջ մեծ դեր է խաղում սենսորային խթանումը, այսինքն՝ երեխային շրջապատող ձևերն ու գույները, ձայները, մարդկային խոսքը: Հետագայում դրան միանում է խաղի ընթացքում հասակակիցներին, ինչպես նաև շրջապատի մեծերին ընդօրինակումը:

յոթնամյակ

7-14
տարեկան

Մոտավորապես 7 տարեկանում՝ ատամները փոխելու սկզբնական ու գլխուղեղի անատոմիական հասունացման (միելինիզացիայի) ավարտական փուլում, երեխան սովորաբար ներքուստ արդեն պատրաստ է լինում դպրոցին: Նա ոչ միայն ընդօրինակում է ամեն ինչն իր շուրջ կամ ցանկացած զբաղմունք խաղի վերածում, այլև դառնում է ավելի նստակյաց ու կենտրոնացած: Երեխան արդեն պատրաստ է ընկալել հիմնարար տարրական երևույթներն ու գործողությունները: 

Իր կյանքի երկրորդ 7 տարիների ընթացքում հարցերով լի երեխան արտաքին հենարան է փնտրում, որից կկարողանա ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: Ծնողների ու հարազատների հետ միասին, երեխայի համար այդպիսի հեղինակություն է դառնում նաև դասվարը:

յոթնամյակ

14-21

տարեկան

Մոտ 12 տարեկանում գլխուղեղի վերջնական ֆունկցիոնալ հասունացման հետ մեկտեղ, ինչպես նաև սեռական հասունացման սկզբնավորմամբ ու անցումային շրջանին բնորոշ փոփոխություններով, երեխայի մոտ աստիճանաբար հասունանում է նոր կարողություն՝ բնական հակվածություն սեփական դատողությունների և ինքնուրույն տրամաբանական գործողությունների: 

Այսպիսով, դեռահասների՝ մեծահասակին հատուկ ինքնուրույն, վերացական դատողությունների հասունությունը վրա է հասնում 12-14 տարեկանից ոչ շուտ։ Հենց այդ պատճառով, վալդորֆյան մանկավարժությունը մտավոր զարգացման հիմնական շեշտը դնում է ավագ դպրոցի վրա:

Ավագ դպրոցը կոչված է ոչ միայն հաղորդելու փորձի վրա հիմնված գիտելիքներ ու մտածողության ունակություն, այլ նաև դեռահասներին ինքնաճանաչման ու աշխարհի ճանաչելիության վստահություն: Այն իր հերթին ազդում է դեռահասների աշխարհզգացողության ու ինքնագիտակցության մակարդակի վրա: Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեռահասները լինում են ինքնավստահ, ներքուստ կայուն ու պատրաստ՝ ինքնուրույն կյանք մտնելուն։

Ուսուցման կազմակերպումը

Ըստ վալդորֆյան մանկավարժության, դասավանդվող առարկաները բաժանվում են երեք մասնախմբի

Մտային-ինտելեկտուալ առարկաներ (ճշգրիտ և բնական գիտություններ, որոշ հումանիտար գիտություններ), որոնք հիմնականում կոչված են աշակերտի մտածողության կարողության զարգացմանն ու գիտելիքների յուրացմանը, 

Հումանիտար և արվեստի առարկաներ (պատմություն, գրականություն, նկարչություն, երաժշտություն, երգեցողություն և այլն), որոնք հիմնականում միտված են աշակերտի գեղարվեստական ունակությունների, էթիկական ու գեղագիտական առանձնահատկությունների զարգացմանը, 

Գործնական առարկաներ (արհեստներ, մարմնամարզ), որոնք հիմնականում նպաստում են աշակերտի անհատական կամքի կոփմանը:

Դասի կառուցվածքը

Դասի կառուցվածքը վալդորֆյան մանկավարժության առանձնահատկություններից է: Դասական տարբերակով այն իր հերթին բաժանվում է երեք մասի, որոնք նպաստում են երեխայի մտածողության (գլխային հատվածի), զգացմունքների (սրտային հատվածի) և կամային (վերջույթների) ունակությունների զարգացմանը։

Ռիթմիկ մաս

Ռիթմիկ մասի նպատակն աշակերտներին աշխատանքային ռիթմի մեջ գցելն է։ Նախօրոք ընտրելով տարիքին համապատասխան նյութը (բանաստեղծություն, երգ, համրանքախաղ, շուտասելուկ կամ մեղեդի)՝ ուսուցիչն այն մատուցում է երգեցողությամբ կամ արտասանելով։ Կրկնօրինակելով ուսուցչին՝ աշակերտները յուրացնում են նյութը։

Գլխավոր մաս

Գլխավոր մասը բուն դասն է, որի ընթացքում ստուգվում են տնային առաջադրանքները, մատուցվում է նոր նյութը, տեղի է ունենում հարցուպատասխան, կատարվում են փորձեր (եթե դա բխում է առարկայից, օրինակ՝ ֆիզիկա, քիմիա) և այլն:

Գեղարվեստապատմողական մաս

Տարբեր վալդորֆյան դպրոցներում այս մասն ունենում է տարբեր բնույթ՝ ելնելով դպրոցի ու երկրի մշակութային առանձնահատկություններից, ինչպես նաև՝ աշակերտների տարիքից ու դասափուլի թեմայից։ Գեղարվեստապատմողական մասը կարող է ընդգրկել հեքիաթ (1-ին, 2-րդ դասարաններ), լեգենդներ ու առակներ (3-րդ դասարան), պատումներ հին կտակարանից (4-րդ դասարան), էպոսներ (5-րդ դասարան), Հին Հայաստանի և Հունաստանի առասպելներ ու լեգենդներ (6-րդ դասարան), միջնադարյան ասպետական վիպերգեր (7-րդ դասարան), նշանավոր անձանց կենսագրություններ (8-րդ դասարան), ազգագրություն և նշանավոր անձանց կենսագրությունների շարունակություն (9-րդ դասարան) և այլն:

Մեթոդի առանձնահատկություններից

Դասվար

Դասարանի ուսուցիչը դպրոցի հիմնասյուներից է։ Վալդորֆյան դպրոցում առաջին դասարանից մինչև միջնակարգ դպրոցի ավարտ երեխաներին ուղեկցում է միևնույն ուսուցիչը։ Նա մանկավարժ է, ով տիրապետում է երեխայի՝ կայացող մարդու մասին գիտելիքին և իր մեջ անընդհատ կարողություններ է զարգացնում նրա հետ համագործակցելու։ Դասարանի ուսուցիչը բազմակողմանի ու շարունակական զարգացման ձգտող մարդ է, ով իր դասարանում դասավանդում է առարկաների մեծ մասը՝ տարրական դպրոցում երեխաների համար հանդիսանալով ընդօրինակման աղբյուր, միջին դպրոցում՝ հեղինակություն։

Գլխավոր դաս

Դպրոցական օրն սկսվում է գլխավոր դասից, որը մեր ուսումնական գործընթացի կարևորագույն տարրերից է։ Դասի տևողությունը 1ժ 30ր է։ Այն ներառում է ռիթմիկ մաս (10-ից 20 րոպե), հիմնական մաս և ավարտ։ Ռիթմիկ մասն օգնում է նոր օրվան ընդառաջ «արթնանալ». Այս ընթացքում անում ենք տարատեսակ վարժություններ, սովորում ենք բանաստեղծություններ, աշխատում խոսքի վրա։ Տևողությամբ ամենաերկարը դասի հիմնական մասն է, որի ընթացքում դասավանդվում է փուլային առարկայի բուն նյութը։ Գլխավոր դասը եզրափակվում է պատմողական նյութով։

Փուլային դասեր

Հիմնական առարկաները դասավանդվում են փուլերով (էպոխաներ)՝ ընկղմման մեթոդի սկզբունքով։ Դա նշանակում է, որ 3-4 շաբաթների ընթացքում գլխավոր դասին անցնում ենք միևնույն առարկան (մայրենի, մաթեմատիկա, աշխարհագրություն, պատմություն, ֆիզիկա, ձևերի նկարչություն և այլն), «ընկղմվում ենք» այդ առարկայի մեջ և յուրացնում այն։